«Ինչn՞ւ եք այդքան ագրեuիվ»․ Քnչարյանին զվարճացրին լրագրnղների hարցերը

Ռոբերտ Քոչարյանն այսօր մասնակցում էր «Լազարեւյան ակումբի»՝ Երեւանում կայացած առաջին լիագումար նիստին։

Քոչարյանն իր ելույթում հույս հայտնեց, որ քննարկումների այս հարթակը կդառնա ոչ միայն բարի ընկերների հանդիպման վայր, այլեւ նոր գաղափարների հավաքագրման ու արդյունավետ նախագծերի ստեղծման համար տարածք՝ ուղղված հայ-ռուսական հարաբերությունների եւ հայ ու ռուս ժողովուրդների բարեկամության ամրապնդմանը․

«Պետք է յուրահատուկ շնորհակալություն հայտնեմ Կոնստանտին Զատուլինին՝ Լազարեւյան ակումբի ստեղծման գործում նրա ջանքերի համար»,- ասաց Քոչարյանը։ Նա նաեւ նշեց, որ մի քանի ամիս առաջ իրենց հանդիպումներից մեկի ժամանակ քննարկել են իր այս գաղափարը, եւ ինքը պատրաստակամություն է հայտնել՝ օգնություն ցուցաբերել այս ակումբի կայացման համար:

Քոչարյանը, խոսելով հայ-ռուսական հարաբերություններից, ասաց, թե այս անհանգիստ ժամանակներում Հայաստանի եւ հայության համար ավանդական աշխարհաքաղաքական առաջնահերթությունները փոխելու ուղղակի կամ անուղղակի կոչերը, եթե նույնիսկ կյանքի չեն կոչվում, ամեն դեպքում զգալի սպառնալիք են հանդիսանում․

«Ցանկացած բարեկամություն ջանքեր է պահանջում, առնվազն մեր էներգիայի, ժամանակի եւ էմոցիաների կարիքն ունի: Հիշենք, թե բոլորս մեր կյանքում որքան ընկերներ ենք կորցրել միայն այն պատճառով, որ բավականաչափ ջանք չենք գործադրել նրանց պահպանելու համար: Ընկերությունը դադարում է, երբ կասկածներ են առաջանում անկեղծության եւ ընկերոջ մտադրությունների վերաբերյալ, եւ երբ կողմերից մեկը ձգտում է ստանալ ավելին, քան պատրաստ է տալ: Դժվար է ընկերություն անել միշտ խնդրողների եւ նվնվացողների հետ»,-նշեց Քոչարյանը՝ նկատի ունենալով նաեւ միջպետական հարաբերությունները: Վերջինս ասաց, որ պետությունների միջեւ բարեկամական հարաբերությունները միայն շահերի համընկնման հետ չեն կապված, դրանք պետական շահերի եւ մարդկային գործոնի սինթեզ են նաեւ։

Քոչարյանը ասաց, որ չի կարող գտնել այլ երկրների օրինակներ, որոնց մոտ այդքան ուժեղ համադրվում են այս գործոնները, ինչպես Հայաստանի եւ Ռուսաստանի մոտ է՝ հավելելով, որ այս հարաբերությունները մենք ժառանգել ենք եւ ամենօրյա ջանք պետք է ներդնենք՝ դրանք պահպանելու եւ զարգացնելու համար։

Վերջում Քոչարյանն իր գրքի օրինակներից մեկը նվիրեց ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով, եվրասիական ինտեգրման եւ հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի աոաջին փոխնախագահ, ԱՊՀ երկրների ինստիտուտի ղեկավար Կոնստանտին Զատուլինին։

Քոչարյանի այս ելույթը հատկապես դուր եկավ նիստին ներկա Արտաշես Գեղամյանին, որն ամբողջ ընթացքում դեմքի հիացական արտահայտությամբ ուշի ուշով լսում էր Քոչարյանի ելույթը եւ ըմբոշխնում նրա ասած յուրաքանչյուր բառը։

Նիստի վերջում, երբ Քոչարյանը դուրս էր գալիս դահլիճից, «Հայկական ժամանակ»-ը հարց ուղղեց վերջինիս․ «Դուք պարբերաբար խոսում եք արդարությունից, այդ դեպքում ինչպես է ստացվել, որ մարտիմեկյան դեպքերի ժամանակ զոհվածներին սպանողներից որեւէ մեկը մինչ օրս չի դատապարտվել, այնինչ հարյուրից ավելի անզեն ու խաղաղ ցուցարարներ պատասխանատվության են ենթարկվել»։ Քոչարյանը քմծիծաղ տվեց ու լրագրողների որեւէ հարցի չպատասխանելով, վերջիններիս հրմշտելով՝ թիկնապահների ուղեկցությամբ դուրս եկավ դահլիճից։ Քոչարյանը բարձր ծիծաղեց լրագրողների մի շարք հարցերից եւ դեմքի զվարճալի արտահայտությամբ վերելակի փակվող դռների հետեւից ասաց՝ «ինչու՞ եք այդքան ագրեսիվ»։

Աղբյուր ‘ http://www.armtimes.com/hy/article/149590

Оставьте первый комментарий

Оставить комментарий

Ваш электронный адрес не будет опубликован.


*